Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ

Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ
22.07.2025 | 11:28

Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ։

Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։ Սպասում ենք իր հերետիկոսների բանակին ուղղված նրա վերջնական հրամանատարական կոչին կամ աղաղակին`որպես Վեհարանի` մեր հոգևոր ինքնության վերջին սրբության, դեմ իր սրբապղծական արշավանքի մեկնարկ։

Եվ մինչ նա գործում է, մենք՝ ազգովի, սպասում ենք։ Որպես ազգ, որպես հանրություն, մենք՝ կամակոր միամտությամբ, ներքին տագնապի ու ամոթալի դողով, հույսներս դրել ենք նրա խելամտության հնարավոր փշրանքների վրա։ Մենք հույս ենք կապել նրա վախերի, նրա ճնշումների, նրա երերուն հաշվարկների հետ՝ մոռանալով, որ դա ինքնին արդեն խայտառակ պարտություն է մեզ համար։

Մենք երբեք չենք ակնկալել, որ Հայ Առաքելական Եկեղեցին կվերածվի քաղաքական ընդդիմության։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ քննադատել ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են Եկեղեցու ներսում որոնել քաղաքական առաջնորդություն։ Բայց այսօր, երբ քաղաքական դաշտը խեղդվում է լռության, վախի և հաշվարկների մեջ, երբ պետությունը աղճատվելով վեր է ածվել մեկ մարդու կամքից կախված կառույցի, մեզ այլընտրանք չի մնացել։

Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ։ Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ։ Այժմ հոգևոր առաջնորդության ժամանակն է՝ ոչ որպես իշխանություն զավթելու փորձ, այլ որպես բարոյական ազդակ, որպես ժողովրդական արժանապատվության ոտքի կանգնեցում։

Սա արդեն հոգևոր լռության պահը չէ։ Սա հոգևոր ճշմարտության բարձրաձայնման պահն է։

Առաջնորդեցե՛ք, հովիվներ Հայոց, քանզի հոտը մոլորված է։

Նախահարձակ եղե՛ք, որովհետև սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 7118

Մեկնաբանություններ